FreeStyle

Թուրքիայի հնարավորությունները Լիբանանում շատ սահմանափակ են. քաղաքագետ

Բեյրութում պրոէրդողանական ուժերը հակահայկական ցույց էին անցկացրել հունիսի 11-ին: Նրանք հայերին վիրավորող արտահայտություններ էին արել ու նույնիսկ հայտարարել, որ եկել են հայերին սպանելու:

Պրոէրդողանական ցուցարարները չէին մոռացել նաև գովերգել Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանություն իրագործելու գաղափարը:

365news.am-ի հետ զրույցում ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան ասաց, որ թրքամետ ուժերն այնքան էլ շատ չեն Լիբանանում ու նման ցույցերը պրովոկացիաներ են:

«Պետք է հասկանալ մի կարևոր հանգամանք, որ Թուրքիայի կողմնակիցներն իրականում այդքան էլ շատ չեն Լիբանանում, իսկ Թուրքիայի հնարավորությունները Լիբանանում շատ սահմանափակ են»,- նկատեց քաղաքագետը:

Իլյա Կուսան նշեց, որ հակահայկական ցույցերը Լիբանանի ճգնաժամային ֆոնին գերակշռող բնույթ չեն կրում. «Այսպես կոչված «պրոթուրքական ուժերի» ցույցերը պետք չէ դիտարկել որպես գերակշռող ֆակտոր Լիբանանի ճգնաժամի ֆոնին: Իմ կարծիքով՝ այս ցույցերն ավելի շատ մասնավոր էպիզոդներ են, պրովոկացիաներ, որոնք սպասարկում են ինչ-որ մանր քաղաքական խմբերի մասնավոր շահեր»:

Իլյա Կուսան նաև ընդգծեց, որ Լիբանանում այժմ ֆինանսական սուր ճգնաժամ է, ու լիբանանցիները կառավարությանը կոչ են անում փրկել իրավիճակն ու ելքեր գտնել, ու հակահայկական ցույցերն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ մասսայականություն չեն ստանա:

Հայկա Ալոյան

Leave a Response