Երեւանի պաշտոնական դիվանագիտության ցանկացած գործողություն, որն ուղղված է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, դրական եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մարատ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քայլերը, որոնք ուղղված են Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, վաղուց արդեն հասունացել են: Սակայն քայլերի առաջնահերթությունը հարցեր է առաջացնում: «Օրինակ՝ Իսրայելում դեսպանատան հետ կապված իրավիճակն ու Իրանի արձագաքը: Անկասկած, Հայաստանը պետք է Իսրայելում դեսպանատուն ունենա եւ զարգացնի փոխշահավետ հարաբերությունները՝ չմոռանալով Երեւանի համար Իրանի բացառիկ դերը: Սակայն հարցեր է առաջացնում ուկրաինական ուղղությամբ Երեւանի պասիվությունը»:
Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել երկու երկրների հարաբերությունները:
«Ցավոք, Հայաստանում Ուկրաինայի մասին տեղեկություն է ձեւավորվում ռուսական աղբյուրներից: Չկա Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական դերի լուրջ վերլուծություն: Երեւանի եւ Կիեւի հարաբերությունները գտնվում են բավականին տարօրինակ սառեցված վիճակում: Միակ առաջընթացը տեղի է ունենում շնորհիվ լավ կազմակերպված հայկական սփյուռքի: Շփումներ կան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, ինչպես նաեւ ԱԳՆ-ի եւ խորհրդարանի պատգամավորների միջեւ: Ստացվում է, որ փոխըմբռնում կա բոլորի մոտ, բացի քաղաքական էլիտայից», — նշեց նա:
Պատասխանելով անհրաժշետ քայլերի մասին հարցին՝ փորձագետը նշեց, որ ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս առաջինը նախաձեռնող լինել: Նա նաեւ նշեց ԶԼՄ-ների կարեւոր դերը, որը կամուրջ է հանդիսանում Երեւանի եւ Կիեւի միջեւ:
«Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր լրատվամիջոցին եւ այլ հայկական ԶԼՄ-ների Ուկրաինայի հայերի միության մասին տեղեկություն տարածելու համար», — եզրափակեց փորձագետը: