FreeStyle

Ուկրաինայի Հայերի միությունն ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի

Ուկրաինայում շարունակում են հնչել քննադատական ​​հայտարարություններ երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր — Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Նշելով հակամարտության տեղայնացումը եւ Ադրբեջանի գործողությունները՝ կազմակերպությունը նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որեւիցե տարածքային պահանջներ չկան:

Ուկրաինայի Հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ հակամարտության սկզբնական պատճառը ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: «Հայաստանի նպատակը հարեւանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը:

Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի ահիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով:

Կարեւոր է նաեւ նշել, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտվել ադրբեջանական կողմի աջակցությամբ՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել:

Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարեւոր հարցի մակերեւութային ուսումնասիրման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով հապշտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում եւ չի պաշտպանում կողմերից ոչ մեկին:

Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի Հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:

Leave a Response