Ռադայի պատգամավորը քննադատել է հայ-ադրբեջանական սահմանային իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Վոլոշինը անդրադարձել է Ուկրաինայի ԱԳ նախարարության քայլերի եւ հայտարարությունների թեմային, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հիշեցնելով, որ նա արդեն չորրորդ պատգամավորն է:
«Մեր արտաքին քաղաքականության գծային եւ չափազանց գաղափարաբանական լինելու մասին, բարեբախտաբար, ավելի շատ են խոսում: Ընդ որում՝ ընդհանրապես ավելի համոզիչ է հնչում այն բանի փաստարկումը, որ արտաքին քաղաքական մոտեցումների հենց այդպիսի արհեստական նեղ լինելն է ստեղծում սեփական ազգային շահերից ահռելի խզումը, որոնց պաշտպանությամբ այնքան սիրում են հանդես գալ հիշատակված կուրսի ջատագովները:
Ասվածի վառ օրինակն է Կիեւի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Ոչ ոք չի վիճում այն փաստի դեմ, որ շատ պատճառների ուժով, ուկրաինական դիվանագիտությունը չի կարող համերաշխ լինել Երեւանի բոլոր պահանջների հետ: Բայց այս դեպքում ինչու չընտրել իրենց համար այդքան հաճախ ոչ տեղին կիրառվող ԵՄ դիրքորոշմանը միանալու սկզբունքը, որը ավանդաբար խնամքով հավասարակշռում էՀայաստանի եւ Ադրբեջանի շահերի միջեւ՝ վերջինի թիկունքին կանգնած Թուրքիայով հանդերձ: Բայց ոչ: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին մեր ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը մեզ համար, ասես, պատրաստել էին Անկարայում: Լեռնային Ղարաբաղում վերջին սրման պայմաններում պաշտոնական Կիեւը չափից ավելի ակնհայտորեն կանգնեց Ադրբեջանի կողմում: Մոտեցումների այսպիսի չհավասարակշռվածությունը ընդհանուր քիչ բան ունի ցանկության հետ «վարվել այլ կերպ, քան Ռուսաստանը» (ինչն, իհարկե, ինքնին թույլ դիրքորոշում է): Գործնականում ստացվում է նաեւ այլ կերպ, քան ԵՄ-ն»:
Ցանկացած միջազգայնագետ տեսնում է Թուրքիայի եւ ընդհանրապես Եվրամիության միջեւ հարաբերությունների համակարգային եւ լուրջ սառեցումը, ինչպես նաեւ մասնավորապես Անկարայի եւ Փարիզի միջեւ: Լիբիական ափին հունիսին տեղի ունեցած երկու երկրների ռազմանավերի միջեւ միջադեպը ՆԱՏՕ-ի անդամներին կանգեցրեց ուղիղ առճակատման սահմանագծին: Ինչին Էրդողանը հաճույքով ավելացրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելը: Եվ Ուկրաինան քիչ էր մնում դառնար միակ խոշոր քրիստոնեական երկիրը, որն այս կապակցությամբ լռեց: Կիեւի եւ Անկարային ցուցադրական մերձավորությունը առանձնապես չի օգնում Ռուսաստանի հետ հարաբերություններին (Էրդողանի հետ Պուտինն ունի իր անչափ բարդ, բայց արտաքին գործոններից բավականաչափ անկախ փոխհարաբերությունների համակարգ), բայց հաստատապես վնասում է Փարիզի հետ վստահելի երկխոսությանը: Եվ եթե մենք չենք համարձակվել Դոնբասի հարցով բանակցություններում փակուղու պայմաններում Մակրոնին մեզ մոտեցնել Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշման միջոցով, ապա ինչն էր խանգարում գոնե փորձել դա անել Ֆրանսիայում չափազանց ազդեցիկ հայկական սփյուռքի միջոցով: Հակառակը՝ այն հիմա վիրավորված է պաշտոնական Կիեւի դիրքորոշման պատճառով, որը մայիսին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «եղել է Առաջին աշխարհամարտի կողմնակի արգասիքը»:
Երբ անկյան գլխում դրվում է այն սկզբունքը, որ «Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանող երկրները ավտոմատ դառնում են մեր թշնամիները», չի կարող լինել ոչ մի արդյունավետ արտաքին քաղաքականություն: Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ԱՊՀ շատ երկրների, Սերբիային, Իսրայելին, Չինաստանին, Կուբային եւ այլն: Բայց մեր դիվանագիտության գրագետ մարդկանց համար լորդ Փալմերսթոնի հայտնի արտահայտությունը հիշեցնելը ավելորդ եմ համարում»,- նշել է քաղաքական գործիչը:
Պարբերականը հիշեցնում է, որ իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են արդեն հայտնել ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան եւ Անտոն Պոլյակովը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետմիջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ուկրաինայի Հայերի միությունը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: