ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ–ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, պատրա՞ստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումից հետո։
«Այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն։ Կարծում եմ, որ սկզբում պետք է կայունացնել իրավիճակը։ Միշտ ասել եմ, որ Հայաստանի համար անընդունելի են սպառնալիքների ներքո բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը։ Դա անգամ հնարավոր չէ պատկերացնել, դա միֆ է, պատրանք։ Ինչ վերաբերում է հետագա իրադարձություններին, ապա սկզբում պետք է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում», – ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Փաշինյանը նշել է, որ բանակցային գործընթացն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի։
«Եթե Ալիևն ուզում է, որպեսզի ՀՀ վարչապետը ներկայացնի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ, ապա այդ դեպքում նա հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է։ Ինչու՞ ՀՀ վարչապետը պետք է ներկայացնի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ։ Ես չեմ ասում, որ Ղարաբաղը Հայաստան է, դա ասում է Ալիևը, Ադրբեջանը», – նշել է վարչապետը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին
Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: