Մեր ռազմիկների ուժի գաղտնիքը նրանց թիկունքին կանգնած համայն հայությունն է. Բորիս Եղիազարյան
Հայտնի ուկրաինական նկարիչ Բորիս Եղիազարյանը մեկնաբանել է հայ դիզայներ Մարգարիտա Պետրոսյանի՝ հայկական կայքերից մեկին տրված հարցազրույցը այն մասին, որ թիկունքում գտնվող կանայք պետք է փորձեն արժանի լինել հայ տղամարդկանց հերոսություններին:
Նկարիչը նկատում է, որ համայն հայությունն է հայ զինվորի հզորության գաղտնիքը և որ հաղթանակն անպայման մերն է լինելու:
«Ստեղծագործ, տաղանդավոր ու հմայիչ հայուհի: Համոզված եմ, որ շատերի համար եք օրինակ ծառայում, ու որ Ձեզ նման հայուհիները շատ են: Ռազմաճակատում մեր տղաները կանգնած են, որպեսզի պաշտպանեն այդպիսի երիտասարդ, արժանավոր, հայրենասեր մարդկանց կյանքերը,որոնք հանդիսանում են մեր երկրի ապագան:
Ես շատ ցավ եմ ապրում, որ չեմ կարող գալ Հայաստան և կանգնել սահմանին՝ մեր ռազմիկների հետ մեր Հայրենիքը պաշտպանելու համար: Ես ցավ եմ ապրում դրանից: Համայն հայությունն է կանգնած մեր զինվորների թիկունքին ու հենց դա է նրանց հզորության գրավականը և հաղթանակն անպայման մերն է լինելու:
Թող Աստված հաղթի մեր մեջ ու թող Աստված հաղթի մեզ համար:
Աստված օրհնի ձեզ բոլորիդ ու մեր ազգը», — ասաց նկարիչը:
Ինչպես հայտնի է, Երևանից դիզայներ Մարգարիտա Պետրոսյանը, ում արվեստը երեք երկրների լրատվամիջոցների ուշադրությունն էր գրավել, Արցախում պատերազմի սկզբից ի վեր, ինչպես բազմաթիվ կանայք Հայաստանում և Սփյուռքում, փորձում է օգտակար լինել հայրենիքի պաշտպաններին, փախստականներին, վիրավորներին ու կարիքավորներին:
Հարցազրուցի ժամանակ նա պատմել է փախստականներին օգնություն ցույց տալու մասով կամավորական խմբերի գործունեության մասին, ինչպես նաև Թուրքիայից ներկրվող ապրանքի վրա էմբարգո դնելու ու դրանք փոխարինելու հնարավորությունների մասին: