FreeStyle

Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ արագ կարելի է զարգացնել Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական կապերը. վերլուծաբան

Bees Airline-ն արդեն երրորդ ուկրաինական ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան: Ներկայում Երևան են թռչում МАУ և SkyUp ավիաընկերությունները։

Ուկրաինացի մեկնաբան Մարատ Հակոբյանը, ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերության կողմից դեպի Հայաստան չվերթների բացման վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը վկայում է ուղղության պահանջվածության և հեռանկարների մասին:

«Եթե հաշվի առնենք, որ երեք ավիաընկերությունից երկուսը լոուքոսթերներ են, դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մատչելի գներով այցելություններ կատարելու համար։ Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ առավել արագ տեմպերով կարելի է զարգացնել Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական կապերը։ Իհարկե, այժմ զսպող գործոն է կորոնավիրուսի համաճարակը, բայց դրանք ժամանակավոր դժվարություններ են։ Բացի ավանդական ծովային հանգստից, Ուկրաինայում ակտիվորեն զարգանում են առողջարանային և լեռնային զբոսաշրջությունը: Երկրում հազարավոր տեսարժան վայրեր կան, իսկ բազմադարյա համատեղ պատմությունը նաև հնարավորություն է տալիս երկրի տարբեր անկյուններում տեսնել հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ, վայրեր և կառույցներ, որոնք անմիջական կապ ունեն հայերի և Հայաստանի հետ»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նույնպես բավականաչափ վայրեր կան, որոնք կարող են հետաքրքրել ուկրաինացիներին՝ հնագույն տաճարները, քաղաքների ճարտարապետությունը, անզուգական լեռները, գետերը, ջրվեժներն ու լճերը: Մեկնաբանի հավաստմամբ, դրանք ոչ մեկին անտարբեր չեն թողնի։

«Ավելորդ է ասել նաև ժողովրդականություն վայելող հայկական գաստրոտուրիզմի մասին։ Հայաստանում, բացի Ուկրաինայի և ուկրաինացիների հետ կապված արդեն գոյություն ունեցող վայրերից, ավելացել են նաև Երևանի կենտրոնում բացված Տարաս Շևչենկոյի արձանը և հուշարձանի հարևանությամբ կառուցվող միակ սկեյթ-պարկը նվեր է Ուկրաինայի հայերի միությունից»,- ասաց Հակոբյանը:

Leave a Response