FreeStyle

Ոչ մի կարմիր գիծ առջևում — Սամվել Մարտիրոսյան

Տարիների ընթացքում մեդիան օգնեց մեզ։ Օգնեց հատել բոլոր հնարավոր կարմիր գծերն ու հայտնվել անորոշության տիրույթում։

Նախկինում շատ մոդայիկ էր մամուլն անվանել չորրորդ իշխանություն։ Հետո եկան սոցցանցերը, որոնք ամեն ինչ տակնուվրա արեցին։ Մամուլն էլ մի քիչ կողք քաշվեց։ Սկզբից մի կոշիկի տեղ տվեց սոցիալական մեդիային։ Հետո տեղն ավելի բացվեց։ Իսկ վերջում բոլորը գրկախառնվեցին, և արդեն բարդ է ասել, որտեղ է ավանդական, որտեղ՝ այլ տիպի մամուլը։

Էլ չասեմ, որ «ավանդական մամուլ» արտահայտությունը ժամանակին հայտնվեց ասպարեզում, քանի որ ինչ-որ կերպ փորձում էինք տարանջատել թերթերը և հեռուստացույցը նորաստեղծ ցանցային լրատվականներից։ Իսկ հիմա արդեն հենց ցանցային մամուլն ենք հաճախ անվանում ավանդական, որ կարողանանք տարբերել այն զանազանան ֆեյսբուքյան էջերից, տելեգրամյան ալիքներից և Tiktok-յան աշխուժակներից։

Վերջը գործը հասավ այն բանին, որ ամեն ինչն անցավ մեդիա դաշտ։ Քաղաքական պայքարը տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ տեղափոխվեց Ֆեյսբուք, սահուն անցավ դեպի բոլոր հնարավոր հարթակներ, իր գագաթնակետին հասնելով Tiktok-ում քաղաքական վլոգերների և նախկին ու ներկա երկրի ղեկավարների ձայնագրությունների տակ շրթաշարժություններով։

Քաղաքական դաշտն իր առաքելությունը տեսնում է Ֆեյսբուքում ստատուսներ գրելու գործում՝ զուգահեռ պոպուլիզմը համարելով հիմնական արժեհամակարգային պլատֆորմ ու ինչու՞ չէ՝ կուսակցական հայեցակարգ։ Մեդիան գերարժևորվում է։ Ընդ որում՝ իր ամենավայրենի տեսքով։ Երբ, օրինակ, տնտեսական աճը կամ ազգային արժեքները նույնպես տեղի են ունենում զուտ որպես սոցցանցային շարժ։

Ու այս ամենին համընթաց նույն հասարակական, քաղաքական գործիչները, կարծիք թելադրողները ամեն բան տանում են դեպի անկում, ձևավորում բոլոր հնարավոր կարմիր գծերը անցնելու մոլուցք։

Սկզբից մեդիադաշտը լցվեց ստերով, հետո ստերը տարածող ֆեյքերով։ Տարիների ընթացքում սա ֆինանսավորվեց, ինստիտուցիոնալիզացվեց։ Մարդիկ աշխատավարձով կեղծիքներ էին ստեղծում և դրանով տուն, տեղ, ընտանիք և լվացքի մեքենա պահում։

Քաղաքական վերնախավը թաքնվում էր այս ֆեյքերի հետևում։ Երևի կար ինչ-որ ամոթի նախնադարյան զգացում, որը խանգարում էր ինքնուրույն անել այն, ինչով զբաղվում էին ֆեյքերը։

Իսկ հետո անկումը դարձավ անկառավարելի։ (Կամ, միգուցե կառավարելի էր։ Թույլ տվեք այստեղ դավադրապաշտ լինեմ)։ Սկզբից տղամարդիկ ֆեյք էին բացում, որ հանգիստ հայհոյեն։ Հետո նույնը սկսեցին անել կանայք։ Հետո մարդիկ սկսեցին իրենց նեղություն չտալ ֆեյք բացելով, անցան բաց հայհոյանքների։

Սկզբից տղամարդկանց, հետո կանանց, վերջում ժողովրդին գրկախառն միացավ ինտելիգենցիան և քաղաքական վերնախավը։ Սկզբից ստերը տարածում էին ֆեյքերով։ Հետո էլի որոշեցին ֆեյքերին նեղություն չտալ, անցան բաց դեմքով կեղծիք տարածելուն։ Ու գնաց․․․

Վերջում հասանք այն իրավիճակին, որ Տելեգրամից մութ և կասկածելի դեմքերին և ադրբեջանական նացիստ քարոզիչներին տարածելը սոցցանցերում դարձել է լրիվ նորմալ երևույթ։ Այո, բացատրություններ կլսենք, իհարկե։ Կասեն՝ բայց սրանք ավելի ճիշտ են խոսում, քան ՊՆ-ն կամ կառավարությունը։

Սակայն փաստը մնում է փաստ․ մենք գրեթե ոչ մի կարմիր գիծ չենք թողել առջևում, բոլորն արդեն թիկունքում են։ Հիմա զբաղված ենք անդնդի ամրապնդմամբ, ինչպես կասեր թրքահպատակի որդի Օստապ Իբրահիմովիչ Բենդերը։

Հ․Գ․ Մի վատ լուր․ հետ դառնալը շատ ավելի դժվար է լինելու, եթե ոչ՝ անհնարին։ Ներքև գլորվելը տակառի հատակ շատ հեշտ է։ Բարձրանալը՝ աննկարագրելի բարդ։

Սամվել Մարտիրոսյան

Աղբյուրը — media.am

Leave a Response