FreeStyle

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորել է Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդն AnalitikaUA-ին տված հարցազրույցում նշել է՝ այդ սրբապատկերը խորհրդանշում է տարբեր ազգությունների և քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների եղբայրությունն ու փոխըմբռնումը:

Խոսելով Ուկրաինայում հայ համայնքի պատմական դերի մասին՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ դարեր շարունակ հայ համայնքը հարստացրել է համաուկրաինական մշակույթը՝ ներդնելով սեփական ինքնության մի կտորը:

«Այնպես որ, այլ կերպ քան դրական ես չեմ կարող գնահատել հայ համայնքի պատմական դերն Ուկրաինայում»,-ասել է մետրոպոլիտ Եպիֆանին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին միշտ բաց է Հայ առաքելական եկեղեցու և առհասարակ հայ ժողովրդի հետ երկխոսության և բարեկամական հարաբերությունների համար:

Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր:

Leave a Response