Հայաստանի ԱԺ բախումները հեռակա կարգով հիշեցնում են Վրաստանը, բայց ոչ եվրոպական որևէ երկիր․ Մարատ Հակոբյան
Yerevanlur-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
— Պարոն Հակոբյան, համոզված եմ հետևում եք Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և արդեն երկու օր խորհրդարանում իշխանության ու ընդդիմության միջև ընթացող բախումներին ու քաշքշուկներին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
— Հետևելով Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին, կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ոչ մի կերպ չի բխում այն ընտրողների շահերից, որոնք պատգամավորներին մանդատ են տվել օրենսդիր գործունեության համար։ Խորհրդարանի ղեկավարին և խմբակցությունների ղեկավարներին անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքը վերականգնելու համար:
— Այս օրերին, Հայաստանում հաճախ են համեմատականներ անցկացվում Ուկրաինայի Ռադայի և այնտեղ ընթացող նմանատիպ զարգացումների հետ։ Ձեր կարծիքով՝ կա՞ն նմանություններ։
– Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում են թեժ մարտեր են ընթանում, բայց ինձ համար դժվար է զուգահեռներ անցկացնել այն ամենի միջև, ինչ տեղի է ունենում Հայաստանի Ազգային ժողովում՝ եվրոպական որևէ երկրի հետ։ Գուցե հեռակա կարգով հիշեցնում է Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները:
– Կարծում եք նման մթնոլորտում հնարավո՞ր է շարունակել բնականոն աշխատանքը, թե՞ հնարավոր են արտահերթ զարգացումներ, ընդհուպ՝ արտահերթ ընտրություններ։
– Եթե իրավիճակը հնարավոր չլինի կարգավորել մոտ ապագայում, ապա խնդիրը կարող է դուրս գալ փողոց և տեղի ունենան անկանխատեսելի զարգացումներ: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա դա չի կարելի բացառել, բայց ես կարծում եմ, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է:
— Իշխանությունը իրավիճակի պատասխանատվությունը դնում է ընդդիմության, ընդդիմությունն էլ՝ իշխանության վրա։ Ձեր կարծիքով՝ ու՞մ է ձեռնտու այս մթնոլորտը։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել։
– Հայաստանի այսօրվա իշխանությունների համար, կարծես, օրինաչափ է դառնում պատասխանատվությունը գցել սկզբում նախկինների, հետո ՝ հանգամանքների վրա: Ակնհայտ է, որ իշխող ուժի ոչ բոլոր ներկայացուցիչներն են գիտակցում, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Երկրում կատարվող ամեն ինչի համար պատասխանատվությունն է կրում այն ուժը, որին ժողովուրդը իշխանություն է տվել։ Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէ: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն արտաքին ռիսկերը և չբերեն իրավիճակի ապակայունացման:
– Ներքին անկայունությունից կարո՞ղ են օգտվել արտաքին ուժերը։ Նկատի ունեմ,թե՛ Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկրները և թե՛ նաև մեր ռազմավարական դաշնակիցը։
— Հայաստանում անկայունությունից կարող են օգտվել դրսում։ Հաշվի առնելով հակամարտության աշխարհագրությունը և չլուծված լինելու հանգամանքը, քաղաքական ուժերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները և խուսափեն ներքին ցնցումներից:
Մարիամ Գրիգորյան