FreeStyle

Հայաստանում էլեկտրամոբիլների լցակայանների թիվը շուտով կհասնի 29-ի. ՈւՀՄ

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով: Նախատեսվում է նաև ընդլայնել աշխարհագրությունը, գրում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանին:

Նրա խոսքով, էլեկտրական լիցքավորման կայանների թիվը շուտով կհասնի 29 -ի։ Այս պահին արդեն տեղադրված է 19 կայան, ևս 10 -ը կսկսի գործել մինչև տարեվերջ:

Այժմ էլեկտրակայաններ արդեն գործում են Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Իջևանում, Ապարանում, Ստեփանավանում, Աբովյանում, Սևանում և Ջերմուկում:

Միությունն իր սոցիալական նախագիծը սկսել է դեռևս 2019 թվականին՝ 5 էլեկտրական լցակայան բացելով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում:

«Հույս ունենք, որ սրանով կնպաստենք Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանն ու օգտակար կլինենք էլեկտրամոբիլ գնել ցանկացողներին: Կայանների բացումը Հայաստանի տարբեր մարզերում շարունակական է լինելու», — նշել է Ռոման Չոբանյանը:

Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին:

Leave a Response