FreeStyle

Սեւերոդոնեցկում հայկական խաչքար է տեղադրվել եւ օծվել

Սեւերոդոնեցկում (Լուգանսկի մարզ) տեղադրվել եւ օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի եւ հայ ժողովուրդների անմեղ զոհերին, հայտնել է AnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, ինչպես նաեւ հյուրեր հայկական համայնքներից։

«Այսօր եւ այժմ նշանակալից իրադարձություն է երկու ազգերի, հենց ինձ եւ ձեզ համար. մեր ժողովուրդներն ունեն հազարամյա պատմություն, բայց մենք ինքներս ենք գրում ժամանակակից պատմությունը, միասին, այստեղ՝ Լուգանսկի մարզում, Ուկրաինայի համար ամենադժվար պահին, երբ պատերազմ է ընթանում: Ձեր խոսքերը մեր բարեկամության, հայերի եւ ուկրաինացիների մասին մեզ համար շատ կարեւոր են։ Բոլորը գիտեն, որ հեշտ է ընկերներ լինել, երբ խնդիրներ չկան, սակայն Լուգանսկի մարզի եւ ամբողջ երկրի համար այդքան դժվար ժամանակներում հասկանում ենք, թե ինչ են նշանակում ձեր խոսքերը եւ օգնության մեկնած ձեռքը: Եվ մենք հասկանում ենք նման ընկերության իրական արժեքը, անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ դրա համար: Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն միասին մենք կգրենք նոր պատմություն, որը չեն ցանկանա փոխել, այլ միայն հպարտանալ ընդհանուր ձեռքբերումներով եւ հաղթանակներով»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվեց նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Response