Մեդիա դաշտի խնդիրներն ամենավառ կերպով երևում են ճգնաժամային պահերին։ Բայց դե ավելի լավ է ճգնաժամ երկրումդ չլինի ու խնդիրներն էլ թող այդքան ցցուն չերևան։ Սակայն կարելի է դիտարկումներ անել՝ հիմնվելով մեր երկրից հեռու գտնվող, բայց հնարավոր ազդեցություններ ունեցող ճգնաժամի ընթացքի վրա։
Ռուս-ուկրաինական հակամարտությունն այսօր հենց այն ճգնաժամերից է, որը թույլ է տալիս դիտարկել մեր մեդիա դաշտի խոցելի հատվածները։ Դիտարկենք մի քանի կարևոր կետ։
ա․ Հակամարտության կողմերի տեղեկատվական աղբյուրների ընտրության բացակայություն
Պատկերացրեք, որ արցախյան պատերազմի ժամանակ որևէ արտասահմանյան լրատվական կամ նույնիսկ սոցցանցի ազդեցիկ օգտատեր ռազմական գործողությունների մասին գրեր՝ հղում անելով միայն ադրբեջանական աղբյուրների վրա։ Ի՞նչ կարծիք մենք կձևավորեինք նման տեղեկատվական աղբյուրի վերաբերյալ։
Հասկանալի է, չէ՞, որ առնվազն կհամարեինք ոչ պրոֆեսիոնալ։ Իսկ ավելի հավանական է, որ կմեղադրեինք ծախվածության մեջ։ Առավելևս տարօրինակ կընկալվեր, եթե հենց Հայաստանին կամ Արցախին վերաբերող թեմաները լուսաբանվեին զուտ ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերի հիման վրա։
Իսկ հիմա նայենք հայաստանյան լրահոսին։ Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բազմաթիվ հարցեր հաճախ լուսաբանվում են՝ հիմնվելով միայն ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունների նյութերի վրա։
Հաշվի առնելով, որ տվյալ հակամարտության ողջ ընթացքում երկու կողմերն էլ ակտիվ տեղեկատվական պատերազմի մեջ են, հասկանալի է դառնում, որ հայաստանյան հասարակությանը քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար հարկավոր է օգտվել երկու կողմի աղբյուրներից։
Հակառակ դեպքում մենք մեծ հավանականությամբ կարող ենք դառնալ միակողմանի քարոզչության զոհ։ Հատկապես այս պահին, երբ իսկապես բարդ է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Միայն բազմակողմանի աղբյուրների համադրությունը կարող է թույլ տալ մոտենալ իրական փաստերին։
Այս խնդիրն առաջանում է նաև այն պատճառով, որ լրահոսի մոնիթորինգը հաճախ իրականացվում է սահմանափակ աղբյուրների շրջանակում։ Նաև գոյություն ունեն լեզվական խնդիրներ, որոնց հետևանքով անգլերեն կամ այլ լեզուներով տեղեկատվությունը լրագրողները գտնում են ցանցում այն լեզվով, որին տիրապետում են։
Եվ հաճախ դա միայն ռուսերենն է, լավագույն դեպքում առանց բառարանի։
Ինչի հետևանքով, օրինակ, ֆրանսերեն մամուլից լուրը կարող է մեզ հասնել դրա անգլերեն թարգմանության ռուսերեն թարգմանությունից։ Որն էլ հասցրել են արդեն աղավաղել տեղեկատվական ռազմաճակատի աշխույժ զինվորները։
բ․ Ոչ հավաստի աղբյուրների օգտագործում
Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը աղբյուրների հետ աշխատանքն է։ Երբեմն տարբերություն չի դրվում այս կամ այն տեղեկատվությունը տրամադրողի միջև։
Եվ մեկ էլ տեսնում ես, որ հայերեն լրահոսը լցվում է հղումներով, օրինակ, Տելեգրամյան ալիքի, որը արցախյան պատերազմի ժամանակ տարածում էր բացահայտ ապատեղեկատվություն։ Լրագրողի համար նման աղբյուրն արդեն իսկ պետք է նշված լինի որպես ոչ վստահելի։
Բայց արի ու տես, որ ոչ։ Հանգիստ մեջբերում են ու տարածում։
գ․ Փորձագիտական խաբկանք
Հայաստանում, ինչպես հայտնի է, մարդը կարող է մեկ օրում դառնալ փորձագետ ցանկացած ոլորտում։ Դրա համար դիպլոմ հարկավոր չէ։
Հերիք է թույլ տալ մամուլին աշխատել։ Լրագրողները հեշտ ու հանգիստ մարդուն կանվանեն փորձագետ ու կտարածեն նրա կարծիքը։ Ու մի քանի օր հետո այդ մարդն արդեն հանգիստ կարող է ասուլիս տալ։ Նմանատիպ խնդիրներ ունենք նաև արտասահմանյան խոսող գլուխների հետ։
Ում ասես կանվանեն փորձագետ ու կմտցնեն տեղեկատվական դաշտ։
Օրինակ, ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող լրահոսում կարելի է գտնել հայերեն նյութեր, որտեղ իր հեղինակավոր կարծիքն է հայտնում, կներեք արտահայտությանս համար, Իգոր Կորոտչենկոն։ Մարդ, ում անունը հարգված ընտանիքներում արտասանելիս հարկավոր է մի քանի անգամ ներողություն հայտնել։ Մարդ, որը (մենք շատ լավ գիտենք Արցախի հարցում իր մտքերից) մի քանի մանաթի համար կարող է ֆունդամենտալ ֆիզիկայի օրենքները հերքել։ Իսկ հիմա նա դարձել է փորձագետ, որը մեր մամուլի էջերից մեզ կյանք է սովորեցնում Ուկրաինայի վերաբերյալ։
Այսպես կարելի է դեռ շարունակել։ Բայց դե արդեն ուշ է, Օլիմպիական խաղերն ավարտվեցին, մինչ սա գրում էի։ Եվ արդեն իրավիճակը կարող է որակապես փոխվել։
Սամվել Մարտիրոսյան. Media.am