FreeStyle

Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի

Ուկրաինայի բոլոր մարզերում արդեն բացվել են հիշատակի խաչքարեր: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Շեպետովկա բնակավայրում հայկական խաչքար է բացվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։ Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կայքի հրապարակման՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի բոլոր մարզերում արդեն տեղադրվել են չորս տասնյակ նման խաչքարեր։ Բոլոր խաչքարերը նվիրված են ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Շեպետովկայի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, տարածաշրջանի հայկական համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Խմելնիցկիի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվեց նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ: