FreeStyle

ՀՀ իշխանություններին դժվար չի լինի մերժել ՌԴ-ի առաջարկը. փորձագետ

Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է «Ռուսաստանի բարեկամների ակումբ» ստեղծելու նախաձեռնությանը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում։

«Նախագիծը, որի մի մասը, ինչպես հասկացա, կլինի լայն առցանց քննարկման հարթակ, կենտրոնացած է արտերկրի գործընկերների հետ բարեկամության պահպանման վրա, կենտրոնացած է ավանդական արժեքների տարածման և, իհարկե, ռուսական մշակույթի ստեղծագործությունների հանրահռչակման վրա»,- ասել է Լավրովը։

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի խոսքերով՝ սա հերթական քարոզչական նախաձեռնությունն է, որով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, թե բարեկամներ ունի.«Դժվար թե իրենց հաջողվի ինչ-որ բան իրագործել, որովհետև երկրագնդի վրայի այն երկրները, որոնց Մոսկվայում կարող են բարեկամ համարել՝ շատ քիչ են նման ակումբ ստեղծելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանը չի կարծում, թե փորձեր արվեն Հայաստանին ևս ներգրավել այդ ակումբում.«Իրենց պետք են այնպիսի պետություններ, որոնք իրենց իսկ կարծիքով հզոր են, ունեն ռազմատեխնիկական հզոր բազա։ Քանի որ վերջերս ակնհայտ է դարձել, թե ինչ հարաբերություններ կան Հայաստանի ու Ռուսաստանի միջև, դժվար կլինի իրենց իսկ լսարանին բացատրել, թե ինչու են Հայաստանին փորձում ներքաշել այդ ակումբ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի բացառում, որ նման հեռանկար ևս հնարավոր է, եթե այլ պետություններ չգտնեն.«Ինձ թվում է՝ ՀՀ իշխանություններին դժվար չի լինի մերժել։ Այժմ Ռուսաստանին ավելի հեշտ է մերժելը, քան մեկ տարի առաջ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ փորձեր կարվեն Հայաստանին ևս ներգրավել այդ ակումբում. «Դիվանագիտական տոտալ բոյկոտի պայմաններում ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որ այդ ռեժմից դուրս գա։ Նման ձևաչափերի ստեղծման նախաձեռնություններով փորձում է ցրել այն պատկերը, թե ինքը բոյկոտի է ենթարկված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանն առաջին թեկնածուների մեջ է, որի ուղղությամբ Ռուսաստանը ջանքեր կգործադրի.«Ես չեմ կարծում, որ Հայաստանը դրա մեջ պետք է մասնակցություն ունենա, դա մեր շահերից չի բխում»,-նկատեց քաղաքագետը։

Հարցին, Հայաստանն ունի՞ ՌԴ-ին մերժելու ռեսուրս, մեր զրուցակիցը պատասխանեց.«Մերժելու ամեն ինչ էլ կա։ Ես միայն հարցեր ունեմ այս ամենի կարևորության ընկալման և դրանից բխող քաղաքականության հետ կապված, իսկ մնացած ռեսուսրները կան։ Բացի այդ՝ նման հեռանկարը կդժվարացնի մեր շահերից բխող օրակարգն իրագործել։ Սա ոչ թե այլ կողմերին հաճոյանալու հարց է , այլ մեր շահերի հետ կոռելացվող խնդիր է։ Հայաստանը պետք է համապատասխան գնահատում կատարի և դրանից բխող գործնական քայլեր։ Իսկ ընդհանրապես՝ Լավրովի այդ հայտարարություններից հետո Ռուսաստանի բարեկամ լինել ու միակ վերաբերմունքը պետք է հայտնի ասացվածքը լինի.««Тамбовский волк тебе товарищ»»,-եզրափակեց նա։