FreeStyle

Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով

Հայաստանը վերապահումով է միացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված Հռչակագրին:

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը, Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնացել մեկ պարբերությունից, քանի որ այն «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը, նաև չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:

Հիշյալ պարբերության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները։

Տեղի ունեցածը, ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի խոսքերով, հստակ դիվանագիտական ​​թերացում է, բացթողում, որը, ցավոք, ևս մեկ սպի կավելացնի հայ-ուկրաինական հարաբերությունների նորագույն պատմությանը.«Ի վերջո, ի սկզբանե հայտնի էր, որ գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական պատերազմն էր, այն է՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ հայկական դիվանագիտությունը պետք է «շոշափի իր շուրջը կատարվողի «նյարդը»» և բարձրաձայնի Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով պոտենցիալ դաշնակիցների տրամադրությունները.«Որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա և ընկալի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է գնահատական հնչեցնի այն անարդարությունը, որին բախվել է Ուկրաինան։ Ի վերջո, ակնհայտ է, որ Ուկրաինան ենթարկվել է ամենադաժան զինված ագրեսիայի, Ռուսաստանը 21-րդ դարի ագրեսոր է, որը ցեղասպանական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ»։

Մեր զրուցակիցը համարում է, որ որ հայ դիվանագետները պետք է հնարավորինս արագ եզրակացություններ անեն և քայլը բացատրեն գործընկերներին ու առաջին հերթին՝ պաշտոնական Կիևին։