
Կալիֆոռնիայի Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայում (LNNL) պաշտոնապես գործարկվել է El Capitan-ը՝ աշխարհի ամենահզոր նոր սուպերհամակարգիչը: Դրա հիմնական նպատակը ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ կապված գաղտնի խնդիրների կատարումն է, ներառյալ միջուկային զենքի մշակումն ու վերլուծությունը: Նախագիծն արժեցել է 600 միլիոն դոլար, հայտնում է Space-ը:
Ի՞նչ խնդիրներ կլուծի սուպերհամակարգիչը
El Capitan-ը ստեղծվել է այն գործընթացները մոդելավորելու համար, որոնք նախկինում ստուգվել են ստորգետնյա միջուկային փորձարկումների միջոցով (ԱՄՆ-ում արգելված են 1992 թվականից): Բացի այդ, այն կզբաղվի.
նյութագիտության և բարձր էներգիայի խտությունների ֆիզիկայի ուսումնասիրությամբ;
միջուկային տվյալների վերլուծությամբ;
ժամանակակից զենքի մշակմամբ;
այլ գաղտնի խնդիրների կատարմամբ:
El Capitan-ի հզորությունը
High-Performance Linpack (HPL) թեստավորման ժամանակ, որն օգտագործվում է սուպերհամակարգիչների գնահատման համար, El Capitan-ը ցույց է տվել 1,742 էկզաֆլոպս, ինչը այն դարձրել է աշխարհում ամենաարագը: Դրա գագաթնակետային արտադրողականությունը կարող է հասնել 2,746 էկզաֆլոպսի:
Համեմատության համար.
1 էկզաֆլոպսը 1 կվինտիլիոն (10¹⁸) գործողություն է վայրկյանում:
Լավագույն նոութբուքերը ունեն ընդամենը մի քանի հարյուր գիգաֆլոպս արտադրողականություն:
El Capitan-ը դարձել է պատմության մեջ երրորդ սուպերհամակարգիչը, որը գերազանցել է 1 էկզաֆլոպսի շեմը: Դրա մոտակա մրցակիցը՝ Օք Ռիջի ազգային լաբորատորիայի (Թենեսի) Frontier-ը, ունի 1,353 էկզաֆլոպս ստանդարտ հզորություն, իսկ գագաթնակետայինը հասնում է 2,056 էկզաֆլոպսի:
Ի՞նչն է El Capitan-ն դարձնում այսքան հզոր
El Capitan-ը հագեցած է 44,544 AMD MI300A պրոցեսորներով, որոնք պարունակում են ավելի քան 11 միլիոն հաշվարկային միջուկ: Հիմքում ընկած են.
AMD EPYC Genoa (կենտրոնական պրոցեսորներ);
AMD CDNA3 (գրաֆիկական արագացուցիչներ);
128 գիգաբայթ HBM հիշողություն յուրաքանչյուր պրոցեսորի վրա (բարձր արագությամբ էներգաարդյունավետ հիշողություն):
El Capitan-ը պատվիրվել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի CORAL-2 ծրագրի շրջանակներում՝ 2018 թվականին գործարկված Sierra սուպերհամակարգիչը փոխարինելու համար: Չնայած Sierra-ն դեռևս գործում է, այն զբաղեցնում է ընդամենը 14-րդ տեղը աշխարհի սուպերհամակարգիչների վարկանիշում:
El Capitan-ի գործարկումը ընդգծում է հաշվողական տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ, որը, որոշ մասնագետների կարծիքով, կարող է էական ազդել միջուկային անվտանգության, նյութագիտության և զենքի մշակման ոլորտների վրա: