
Պատերազմող Ուկրաինայում ևս մեկ հայկական եկեղեցի կկառուցվի, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Խմելնիցկիյ քաղաքում տեղի ունեցավ նոր կառուցվող Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։
Կարգը հանդիսապետեց Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ օծվեցին 16 վեմ քարեր և ամփոփվեցին կառուցվող եկեղեցու հիմքերում։
Հոգևոր նշանակալի իրադարձությանը մասնակցելու էին ժամանել ուխտավորներ Ուկրաինայի տարբեր քաղաքներից՝ Կիևից, Օդեսայից, Խարկովից, Լվովից, Խմելնիցկիից, Չեռնովցիից, Տեռնոպոլից և այլ համայնքներից։
Օրը նշանավոր էջ դարձավ Խմելնիցկիի հայ համայնքի կյանքում՝ ամրացնելով հավատքի և միասնության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում։