FreeStyle

Շվեդական Gripen կործանիչները Ռուսաստանի սահմանին

Պատերազմը մտնում է կործանարար փուլ, որտեղ շոգ քաղաքական ամռանը փոխարինելու է գալիս ոչ պակաս թեժ քաղաքական աշունը։ «Անալիտիկա» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում մենք մանրամասն վերլուծում ենք աշխարհաքաղաքական այն մեծ պարադոքսներն ու գաղտնի գործընթացները, որոնք ընթանում են կուլիսների հետևում, և թե ինչպես են դրանք անդրադառնում ռազմաճակատի ու տարածաշրջանի վրա։

Հաղորդման առանցքում ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթկլիֆի Մոսկվա կատարած գաղտնի այցի իրական պատճառներն են և Սպիտակ տան կողմից վարվող երկակի խաղը։ Մինչ Միացյալ Նահանգները ձևացնում է Ուկրաինայի արդար դաշնակից, ամերիկյան կրիտիկական բաղադրիչները շարունակում են հայտնվել Կրեմլի բալիստիկ հրթիռների մեջ, իսկ Վաշինգտոնը հապաղում է Կիևին տրամադրել հակահրթիռների արտադրության լիցենզիաներ։ Սակայն այս երկակի խաղին հակադրվում է Եվրոպան. Իտալիան, Ֆրանսիան և Բրիտանիան արդեն տվել են այդ լիցենզիաները, իսկ Շվեդիան իր Gripen կործանիչներն ու ռազմական նավերն է տեղակայում անմիջապես Ռուսաստանի սահմանին։

Զուգահեռաբար, Ուկրաինան անցնում է կտրուկ պատասխան գործողությունների։ Նախագահ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի թիկունքին հասցվող հարվածների մասշտաբավորման մասին՝ օրական մինչև 1000 դրոն։ Ուկրաինական դրոնների թիրախում արդեն հայտնվել են ոչ միայն ռուսական ռազմավարական նավթավերամշակման գործարաններն ու «Էնգելս» ավիաբազան, որտեղ ոչնչացվել է միջուկային տրիադայի մաս կազմող հերթական «Տու-95» ռմբակոծիչը, այլև Ռուսաստանի թիկունքային խոշորագույն լոգիստիկ կենտրոնները, այդ թվում՝ «Ozon»-ի և «DNS»-ի հսկայական պահեստները Ռոստովի մարզում։

Այս տնտեսական ու ռազմական ճնշումը կատարյալ խուճապ է առաջացրել Կրեմլում։ Հաքերների կողմից «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի նամակագրության արտահոսքը բացահայտել է, որ ռուսական վերնախավը սեփական հաղթանակի շանսը գնահատում է ընդամենը 7%։ Մոսկվան այնքան տոքսիկ է դարձել, որ Ղազախստանը հրաժարվում է նրան բենզին վաճառել, իսկ ԱՄՆ-ը գաղտնի համաձայնությամբ Պուտինից խլում է նրա վերջին խոշոր գնորդին՝ Հնդկաստանին՝ ռուսական նավթը շուկայում փոխարինելով վենեսուելականով։ Թողարկման ընթացքում անդրադառնում ենք նաև Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներին, Գյումրի-Կարս երկաթգծի նախագծին և Նիկոլ Փաշինյանի վարած բարդ քաղաքական խաղին, որը չպետք է շփոթել Մոսկվայից վերջնական պոկվելու իրական ռազմավարության հետ։