FreeStyle

Ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան հստակ արևմտյան վեկտոր ունի և Ուկրաինային վստահում են արևմտյան տեխնոլոգիաները

Այսօր դեկտեմբերի 28-ին, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն պաշտոնական այցով կմեկնի Կիև։ Նա պետք է քննարկի Ուկրաինային աջակցելու իր երկրի հետագա գործողությունները, որոնք խոստացել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Մինչդեռ, ըստ հասարակական կարծիքի վերջին հարցման, տասը ֆրանսիացիներից յոթը կողմ են ռազմական գործողությունների և բանակցությունների շուտափույթ դադարեցմանը:

Միանգամայն հնարավոր է, որ Ուկրաինային մատակարարումների տեսականին քննարկելուց բացի, պաշտպանության նախարարն ավելի նուրբ առաքելություն ունի՝ իր ուկրաինացի զրուցակիցներին փոխանցել Ֆրանսիայի քաղաքացիների տրամադրությունները։

Ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի կարծիքով՝ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի այցը Կիև հերթականն է, ճշգրտվում է ժամանակահատվածը՝ առ այն, թե երբ, ինչ տեսակի ռազմական օգնություն կհատկացվի Ուկրաինային. «Ուկրաինական կողմից ներկայացվում է, թե ինչ է պետք Կիևին, իսկ ֆրանսիական կողմից հստակեցվում է այն ժամանակահատվածը, թե երբ դա կհասնի Ուկրիանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք նմանատիպ այց կարող է լինել նաև Հայաստան, Հակոբյանը նշեց. «Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրային բազան Հայաստանին թույլ չի տալիս այլ պետությունների հետ ունենալ այն սերտ ռազմական համագործակցությունը, որը կարող էր լինել։ Այն պայմաններում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու Ռուսաստանի հետ ունի երկկողմ պայմանագիր, որը շատ սահմանափակող է և այս պահին ազդում է Հայաստանի անվտանգության վրա՝ քաղաքական ու ռազմական իմաստով, իհարկե Երևանում չեն կարող լինել այն սպասելիքները, որոնք կան Կիևում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան հստակ արևմտյան վեկտոր ունի և Ուկրաինային վստահում են արևմտյան տեխնոլոգիաները. «Այս պահին արևմուտքը չի կարող իր տեխնոլոգիաները վստահել Հայաստանին։ Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի ստվերում է և ունի պայմանագրեր, այլ բան ակնկալելը բարդ է։ Ռազմական ոլորտը շատ սպեցիֆիկ է, այն տարբերվում է հումանիտար ոլորտից։ Հումանիտար ոլորտում Ֆրանսիան կարող է Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն ցուցաբերել, բայց ռազմականում տեխնոլոգիաները հարցը շատ սուր է։ Քանի դեռ կա Ռուսաստանի գործոնը, ոչ միայն Ֆրանսիայից, որևիցե արևմտյան պետությունից լուրջ ռազմական համագործակցություն ակնկալելը ճիշտ չի լինի։ Դա հնարավոր չէ», — եզրափակեց Հակոբյանը։