Ուկրաինայի հայերի միությունը Երեւանում սքեյթ այգու բրենդինգի եւ նեյմինգի համար դրամաշնորհային ծրագիր է նախաձեռնել
Ուկրաինայի հայերի միությունը նախաձեռնել է դրամաշնորհային ծրագիր` Երևանում առաջին սքեյթ-պարկի նեյմինգի և բրենդինգի համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:
ՈւՀՄ տվյալներով՝ հայեցակարգը պետք է արտացոլի նախագծի սոցիալ-մշակութային նշանակությունը, ինչպես նաեւ ընդգծի ՀՀ մայրաքաղաքում նոր լոկացիայի հնարավորությունները: Մասնակցության համար հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ անկախ բնակության երկրից:
5044 քմ տարածքով սքեյթ այգին (սքեյթ-պարկը) Ուկրաինայի Հայերի միության սոցիալական ծրագիրն է, որն ուղղված է երիտասարդության համար ժամանցի եւ հանգստի ակտիվ գոտու ստեղծմանը: Այգու շինարարությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տեխնիկական եւ վարչական աջակցությամբ:
Տարեսկզբին ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սքեյթ-պարկի կառուցման մասին պայմանագիր էին ստորագրել:
Մարտին մեկնարկել է շինարարության առաջին փուլը:
Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի նպատակն է նոր լոկացիա ստեղծել Երեւանում, որը կդառնա առաջին հարթակը էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի համար:
Մասնակիցը պետք է ներկայացնի անվանում, կարգախոս, գրաֆիկական փաթեթ եւ բրենդբուք: Հայտերի ընդունման ժամանակ կգնահատվեն նորարարությունը, մշակման ակտուալությունը, վիզուալ ներդաշնակությունն ու օրիգինալ հայեցակարգը:
Դրամաշնորհի հաղթողը ստանում է 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամական պարգև:
Մասնակցության հայտերի ընդունումը մինչև 07.08.2020 ներառյալ:
Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հատուկ կայքում չորս լեզուներով: