Ուկրաինայի խորհրդարանի արդեն երկրորդ պատգամավորը քննադատեց ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։ Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, տելեգրամի էջում պատգամավորը իր հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է և առկա է առճակատման իրական վտանգ։
«Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանի ուղղությամբ, ինչը կարող է բերել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կհետևի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում»,- ասել է պատգամավորը։
Անտոն Պոլյակովը կոչ է անում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության դիվանագետներին խոսել ռացիոնալ դիրքերից, կողմերից մեկի աջակցության համար անիմաստ հայտարարություններն արդեն հասցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:
«Ոզում եմ հիշեցնել Ուկրաինայի ԱԳ նախարար պարոն Կուլեբային, որ նրա գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, և ոչ թե հակառակը։ Սադրանքներ և սխալներ չպետք է լինեն: Ուկրաինան պետք է մնա չեզոք», — ասել է քաղաքական գործիչը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «Ժողովրդի ծառա»-ի պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը (գրանցման համարն է № 2376, 05.11.2019):
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան: Իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Նշելով հակամարտության տեղայնացումը եւ Ադրբեջանի գործողությունները՝ կազմակերպությունը նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որեւիցե տարածքային պահանջներ չկան:
Ուկրաինայի Հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ հակամարտության սկզբնական պատճառը ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: «Հայաստանի նպատակը հարեւանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը:
Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի ահիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով:
Կարեւոր է նաեւ նշել, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտվել ադրբեջանական կողմի աջակցությամբ՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել:
Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարեւոր հարցի մակերեւութային ուսումնասիրման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով հապշտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում եւ չի պաշտպանում կողմերից ոչ մեկին:
Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի Հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: