FreeStyle

Հայ-ուկրաինական հարաբերությունները հանդիսանում են դեզինֆորմացիայի զոհ. քաղաքագետ

Այն, ինչ տեղի է ունենում, նկատի ունեմ լարվածության աննախադեպ աճը, տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձավ Դոնբասում սրման թեմային:

«Ռուսաստանը փորձեց «ատամ ցույց տալով» որոշակի առումով ճնշում գործադրել և՛ Ուկրաինայի, և՛ Արևմուտքի վրա։ Ընդ որում՝ ասելով Արևմուտքի վրա ես նկատի ունեմ և՛ առանձին վերցրած Եվրամիությունը, և՛ առանձնապես Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք անդամակցում են Նորմանդյան ձևաչափին, որը զբաղվում է Դոնբասում կոնֆլիկտի կարգավորմամբ, և՛ առանձին նաև ՄիացյալՆահանգները։ Այսինքն՝ նրանք փորձեցին կանգնեցնել Արևմուտքի համար խիստ անբարենպաստ երկընտրանքների առաջ։ Բայց, ինչպես տեսանք, ստացվեց հակառակը։ Նախևառաջ ուկրաինական պետությունը չընկրկեց այս ճնշման առաջ՝ մի կողմից, երկրորդ՝ Միացյալ Նահանգներն ուղղակի անվերապահ աջակցություն հայտնեց Ուկրաինային ու նաև պարզ բացատրեց, թե ինչ կլինի, եթե հանկարծ ռուսական կողմը հատի կարմիր գիծը։ Դրա մասին է վկայում նախևառաջ Բայդենի և Զելենսկիի հեռախոսային դեմոնստրատիվ խոսակցությունը։ Ընդ որում՝ դա տեղի ունեցավ Բայդենի նախաձեռնությամբ։ Դրա մասին է վկայում նաև Պենտագոնի ղեկավարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի նմանատիպ հեռախոսային խոսակցությունը և նաև այն, որ Էնթոնի Բլինքերի ու Դմիտրի Կուլեբայի միջև շփումները կրում են գրեթե պերմանենտ բնույթ, որովհետև իրավիճակը շատ արագ է զարգանում։ Այդ իմաստով ամերիկյան վարչակազմը պատշաճ օպերատիվություն է դրսևորում։ Արդյունքում մենք ի՞նչ կարող ենք ունենալ՝ այն, որ ռուսները ստիպված լինեն հետքայլ անել, որովհետև այս իրավիճակում Ռուսաստանի կողմից հետքայլ չանելն ուղղակի ինքնասպանություն կլինի։ Նախևառաջ այս լարվածության նախաձեռնողը ինքը՝ Ռուսաստանն է, և այս իրադարձությունների շղթան, այո՛, ստիպելու է, որ հենց ռուսները հետքայլ անեն։ Իսկ դա մոտավորապես կարող է ունենալ այն նույն էֆեկտը, ինչն ունեցավ Կարիբյան ճգնաժամը այն ժամանակվա սովետական ղեկավարության վրա։ Մասնավորեցնեմ՝ Սովետական Միության Պոլիտբյուրոն Խրուշչովին վերցրեց ու դուրս շպրտեց իր կազմից։ Տրամաբանությունը սա է»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Կիեւի ու Երեւանի հարաբերություններին, Մեհրաբյանը նշեց, որ Ռուսաստանին հպատակվող պրոքսի տարրերի դերը:

«Հայ-ուկրաինական հարաբերությունները հանդիսանում են դեզինֆորմացիայի զոհ, և Ռուսաստանին հպատակվելու քաղաքականության պրոքսի տարրերը, որոնք բարբաջում են նման բան անպատասխանատու ձևով, չեն ուզում իրենց հաշիվ տալ, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ էդիկնալբանդյանական լոբբիի շնորհիվ 2014 թվականին մենք Հայաստանի շահերից չբխող ձևով փչացրինք հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Նույնն էլ Վրաստանի հետ։ Հիմա մենք Վրաստանի հետ կարողացել ենք բերել ինչ-որ հավասարակշռության, նույն բանը կարող ենք անել Ուկրաինայի հետ։ Իսկ նրանք, ովքեր ծառայում են այն գաղափարին, որ Հայաստանը վերածեն ռուսական ռազմական մեքենայի «զապաս պագրիշկայի», նրանց ընդհանրապես պետք է մղել քաղաքական, քաղաքագիտական, ինտելեկտուալ, մարդկային ու բարոյական լուսանցք։ Նրանք ընդհանրապես բարոյական իրավունք չունեն խոսելու Հայաստանի շահերից»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։

Leave a Response