Yerevanlur—ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
— Պարոն Հակոբյան, Դուք ուշադրությամբ հետևել եք Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք դրանց վերաբերյալ։ Արդյո՞ք կանխատեսելի էր նման պատկերը Ձեզ համար։
— Այո, ես հենց սկզբից կանխատեսել էի իշխող ուժի հաղթանակը: Չնայած Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան բավականին լարված մթնոլորտում, երկրում արդեն հաստատված ժողովրդավարության շնորհիվ, ամեն ինչ անցավ նորմայի սահմաններում: Շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներին և մաղթում արդյունավետ աշխատանք:
Հայաստանի միջազգային գործընկերների համար կարևոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական։ Արդյունավետ համագործակցության և բարեփոխումների համար անհրաժեշտ է օրինական կառավարություն:
— Դուք նախկինում կարծիք էիք հայտնել, որ հայ ընտրողն ունի լայն հնարավորություն՝ կողմնորոշվելու համար։ Ստացվեց մի պատկեր, ըստ որի խորհրդարանում են միայն ներկա ու նախկին ուժերը։ Արդյո՞ք մենք կարիք չունեինք ավելի թարմ քաղաքական ուժերի ներկայության։
— Այո, արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի լայն շրջանակը հայ ընտրողներին ընտրության մեծ հնարավորություն տվեց, բայց նախկին իշխանությունների վրեժխնդրության սպառնալիքը մոբիլիզացրեց ընտրողներին ՝ հեղափոխությունից հետո ձեռք բերված արժեքները պահպանելու համար և ստվերեց մյուս ժողովրդավարական ուժերին: Կարծում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը և «Ազատ հայրենիք» դաշինքը հետագայում լավ քաղաքական հեռանկարներ ունեն խորհրդարանում լինելու համար: Իմ կարծիքով, հենց այդպիսի ընդդիմությամբ է, որ Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձր կլիներ:
— Բացի նրանից, որ պայքարը նորից ներկաների ու նախկինների միջև է, ոչ մի արևմտամետ ուժ խորհրդարանում տեղ չունեցավ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ։ Այս կերպ հնարավոր կլինի՞ բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։
— Հայատանի արտաքին քաղաքականությունը կենսական անհրաժեշտության ոլորտ է, իրավիճակը բարդանում է նաև աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններով: Նախկինում գոյություն ունեցող բոլոր մոդելները՝ և՛ կոմպլեմենտարիզմը, և՛ բացարձակ կողմնորոշումը դեպի հյուսիս, սպառել են իրենց։ Երևանին անհրաժեշտ է հստակ դոկտրին` համահունչ ազգային շահերին: Որքան շուտ այն ձևավորվի, այնքան ավելի հեշտ երկիրը կանցնի աշխարհաքաղաքական վերափոխումների «ականի դաշտով»:
— Կիևում ի՞նչ արձագանքներ կան Արթուր Վանեցյանի «Կռիմ վաշ» հայտարարության շուրջ, որը նա հնչեցրել էր Սոլովյովի հետ հարցազրույցում։ Թեկուզև ընդդիմադիր գործչի շուրթերից հնչած նման հայտարարությունը կվնասի՞ հայ—ուկրաինական հարաբերություններին։
— Նման բնույթի ցանկացած հայտարարություն չափազանց զգայուն է: Ուկրաինան դիմակայում է միջուկային տերության կողմից արտաքին ագրեսիային, անհրաժեշտ է հասկանալ իրավիճակի բարդությունը: Մեր երկիրը մոբիլիզացրել է բոլոր ներքին և արտաքին ուժերը՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, և, ինչպես գիտեք, համաշխարհային հանրությունը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների և ինքնիշխանության անձեռնմխելիությունը: Ցանկացած երկրի ցանկացած քաղաքական գործիչ, որը դեմ է ՄԱԿ-ում ընդունված կանոններին, իրեն դնում է միջազգային հանրության բարիկադների մյուս կողմում։
— Վրաստանում կարծիք են հայտնում, որ ավելի լավ է Փաշինյանը լինի, քան պրոռուսական Քոչարյանը։ Արդյոք Ուկրաինայում ևս կա՞ այդ մոտեցումը։
— Իրավիճակները տարբեր են։ Պաշտոնական Կիևը միշտ էլ կառուցողական է եղել Հայաստանի նկատմամբ: Ցավոք, քաղաքական երկխոսության մակարդակը դեռևս չի համապատասխանում առկա ներուժին։ Հայաստանում հեղափոխությունից հետո անցած երեք տարիների ընթացքում հնարավոր չեղավ Ուկրաինայի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր որակի և մակարդակի:
Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանի հարևան Վրաստանը, միակ ամենամոտ երկրներն են, որոնք կարող են շատ ավելի կարևոր դեր ունենալ Հայաստանի զարգացման համար: Չնայած քաղաքական էլիտայի շրջանում դրա մասին պատշաճ պատկերացում չկա, հիմնական դերը վերապահված է սփյուռքին, որը, կամրջի պես, պահում է իրարից դեռ հեռավոր «քաղաքական ափերը»: Ի դեպ, քանի որ մենք արդեն խոսում ենք սփյուռքի մասին, ես կասեմ, որ շուտով Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին: Իր տեխնիկայի և հայեցակարգի տեսանկյունից՝ զբոսայգին տարածաշրջանում նմանօրինակ չունի:
— Կարծո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն այլևս հաղթահարված է, թե՞ հնարավոր են նոր անակնկալներ։
— Ես իսկապես կցանկանայի սա, բայց, ցավոք, դա դժվար թե տեղի ունենա: Ընտրությունների արդյունքում նախկինում մերժված քաղաքական ուժերը կրկին մերժվեցին հայ ընտրողի կողմից: Դա պարտվողներին բերեց է՛լ ավելի բարդ հուզական վիճակի: Քաղաքական ուժերի առճակատումը կշարունակվի՝ լարվածության աստիճանի տարբեր ինտենսիվությամբ։
Մարիամ Գրիգորյան