Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում (Դոնեցկի մարզ) տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
«Խաչքարը նվիրվել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը և Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հյուրեր հայկական համայնքներից:
Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, ցավոք, նույնիսկ 21 -րդ դարում հակամարտությունների արդյունքում չի հաջողվում խուսափել անմեղ զոհերից:
Հիշեցնենք, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվեց նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։
2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ: