Հայտնի ուկրաինացի գործիչը քննադատել է երկրի ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի մասին
Հայտնի «Ազով» զորամիվորման երբեմնի փոխհրամանատար և նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը նույնպես քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը:
Գերագույն Ռադայում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար Իգոր Մոսիյչուկը, միանալով մի շարք քաղաքական գործիչների ու փորձագետների, քննադատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունը:: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, քաղաքական գործիչը սոցիալական ցանցում հարց է տվել. «Ինչո՞ւ: Ի՞նչ էր դա»՝ հավելելով, որ միայն Ուկրաինայի թշնամիները կարող էին դիվանագիտորեն կանգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության մի կողմում:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ուկրաինան, այս հակամարտության հետ կապված, պետք է միջազգային լիակատար չեզոքություն պահպանի:
Իգոր Մոսիյչուկը քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Ինձ կասեն, որ պաշտոնական Երեւանին Կրեմլը դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում, բայց ես, որպես Ուկրաինայի խորհրդարանում Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հաստատում եմ, որ մեր կառավարությունը, մեր արտաքին գերատեսչությունը բացարձակապես ոչինչ չի արել Հայաստանի դիրքորոշումը փոխելու համար: Եվ ահա, այս անհեթեթ հայտարարությամբ, Ուկրաինայի արտգործնախարարությունը Երեւանին ավելի շատ է հրում դեպի Մոսկվայի գիրկը»:
Ժողովրդական նախկին պատգամավորը (VIII գումարման) նաեւ հիշեցրել է Ուկրաինայի հայկական սփյուռքի գործոնը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ իրավիճակի վերաբերյալ իրենց քննադատական դիրքորոշումն են արդեն հայտնել Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան եւ Անտոն Պոլյակովը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը եւ «ОПЗЖ»-ից պատգամավոր Օլեգ Վոլոշինը: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ուկրաինայի հայերի միությունը:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցությամբ, թեեւ նոր սադրանքը հրահրել էր հենց Ադրբեջանը եւ այն էլ՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: