FreeStyle

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

«Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը սկսել է ինտենսիվ մարտական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան և կոչ է անում համայնքին չտրվել սադրանքներին և դիտարկել ինֆորմացիայի միայն վստահելի աղբյուրները: Մենք կարծում ենք, որ ներկայում, երկրի համար դժվարին պայմաններում, բոլոր հայերը պետք է կանգնեն իրենց պատմական Հայրենիքի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի վաղ, մոտ երկու ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետևանքով Ուկրաինայում արձանագրվեցին անօրինական գործողություններ հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: «Կոչ ենք անում լինել զգոն և հայտնել մեզ, եթե նման կոնֆլիկտի ականատես լինեք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրմանը:

Գերատեսչությունը հայտարարություն է տարածել թվիթերում:

«Ուկրաինայի ԱԳՆ-ն խորին մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման կապակցությամբ: Մեծ ուշադրությամբ ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են լարվածության ավելացմանը: Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ ի նպաստ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Response