FreeStyle

Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

«Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովը Կիեւում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ Լվովի Արվեստների ազգային ակադեմիայի, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԿԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ։ Միջոցառման թեմատիկան ընդգրկում է Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ։

Ինչպես տեղեկացրել է ուկրաինացի հայտնի գիտնական Իրինա Գայուկը, համաժողովի շրջանակում տեղի կունենա «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսի բացումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց Պոդոլսկի Հայ Աստվածամոր սրբապատկերի տոնի հռչակման 230-ամյակը։

Leave a Response