FreeStyle

Երևանը, Կիևի օրինակով, կարող է դաշինք կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ

Երևանը, Կիևի օրինակով, կարող է երկկողմ կամ եռակողմ դաշինք կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կամ դաշինքին մոտ գտնվող երկրների հետ:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

– Հնդկաստանն ու Ֆրանսիան փորձագետների աշխատանքային խումբ են ստեղծելու Ուկրաինայում ռազմական գործողությունները վերլուծելու համար։ Մասնագետների նպատակն է լինելու «օպերատիվ, ռազմատեխնիկական և քաղաքական դասեր քաղել» շարունակվող ռազմական գործողություններից։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ, ի՞նչ նշանակություն ունի այն այս փուլում։

– Ֆրանսիան և Հնդկաստանը հաճախ շփվում են տարբեր՝ իրենց համար կարևոր ոլորտներում, ըստ երևույթին հարկ են համարել վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ։ Ամեն օր չէ, որ ահաբեկչական խմբավորումը, որն իրեն անվանում է աշխարհի երկրորդ բանակ, նման պարտություն է կրում մարտի դաշտում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ուղեկցվում է ցեղասպանությունով, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներով։ Չնայած այս ամենին, ագրեսորը մարտի դաշտում պարտվում է և ստիպված քայլ առ քայլ նահանջում է։

– Անհրաժեշտ է արդյոք նմանատաիպ մի խումբ էլ Հայաստանը, որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, ձևավորի՝ իր բարեկամ Ֆրանսիայի հետ կամ առանձին։

–Հ այաստանն, իհարկե, կարող է առաջարկել, բայց ներկայիս արտաքին քաղաքական միջավայրը դժվար թե դրան նպաստի։ Պետք է երրորդ կողմի ցանկությունը լինի, բայց քանի որ այդ ցանկությունը չի նկատվում, նշանակում է աշխարհն այլ կերպ է ընկալում իրավիճակը, քան Հայաստանը։

– Ուկրաինայի դեմ պատերազմը ցույց տվեց ռուսական կամ սովետական բանակի անկարողությունը և փլուզեց այն միֆը, թե այն աշխարհի ամենահզոր բանակներից է։ Արդյոք Հայաստանը չպետք է սրանից դասեր քաղի, ու վերակառուցի Զինված ուժերի իր մոդելը։

– Իհարկե, պետք է հետևություններ անել, և որքան շուտ, այնքան լավ։ Մենք երկար տարիներ քննարկել ենք այս թեման և բազմիցս կոչ ենք արել վերանայել երկրի անվտանգության ճարտարապետությունը: Որքան շուտ դա արվի, այնքան լավ Հայաստանի համար։

– Ընդհանրապես ինչքանո՞վ է իրատեսական հենց այս փուլում թուլացող Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվել։ Ուկրաինան ունի այլընտրանքներ, իսկ Հայաստանն արդյոք ունի։ Ֆրանսիան ու Հնդկաստանը կարո՞ղ են անվտագության առումով փոխարինել Ռուսաստանին։

– Ես կվերաձևակերպեի ոչ թե թուլացող Ռուսաստան, այլ պայթող պղպջակ, որը կոչվում է Ռուսաստան: Ցավոք, դա դեռ ոչ բոլորն են զգում և իներցիայից ելնելով համարում են ինչ-որ տարածաշրջանային սուբյեկտ։ Ինչ վերաբերում է Հայաստանի այլընտրանքին, ապա այն միշտ եղել է։ Իհարկե, արտաքին քաղաքական դիրքավորումը դեպի Արևմուտք դեռևս 1994-95 թվականներին իդեալական կլիներ, բայց հիմա էլ ամեն ինչ կորած չէ, Հայաստանը դեռ կարող է իր կամքը դրսևորել և վերջապես տեղափոխվել իր համար ավելի բարենպաստ միջավայր, որտեղ կան Հայաստանի հետ ընդհանուր արժեքներ։ Հիմա էլ նման հնարավորություններ կան։ Պաշտոնական Երևանը, Ուկրաինայի օրինակով, կարող է երկկողմ կամ եռակողմ դաշինք կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կամ դաշինքին մոտ գտնվող երկրների հետ։ Ահա թե ինչպես Հայաստանը կարող է ապահովել իր բանակի բարեփոխումը անվտանգության նոր ճարտարապետության շրջանակներում։ Սրանք կարող են լինել փոքր երկկողմանի և եռակողմ դաշինքներ Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի հետ: Կարելի է ձգտել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակ ձեռք բերել, սակայն այդ ամենը հնարավոր է ՀԱՊԿ-ից և ռուսական ներկայությունից ազատվելուց հետո։ Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի։