FreeStyle

Լվովում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու կանոնիկ գործունեության վերականգնման 30-ամյակին նվիրված ցուցահանդես

Լվովի հայկական տաճարում նշել են Ուկրաինայում Հայ Առաքելական կանոնիկ եկեղեցու վերականգնման 30-ամյակը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Այդ առիթով Սուրբ Տիրամոր վերափոխման Հայկական մայր եկեղեցում բացվել է ցուցահանդես, որը մշտապես գործելու է տաճարում։ Դրանք եկեղեցական եւ կենցաղային իրեր են, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի տարածքում հայ համայնքի կյանքին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ տաճարում տեղի է ունեցել հանդիսավոր պատարագ։ Այնուհետեւ օծվել են երեք սրբերի մասունքները՝ Գրիգոր Լուսավորչի, նրա որդու եւ Հռոմի Կղեմենտ պապի։ Ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 40 ցուցանմուշ։

Ցուցահանդեսի ղեկավար Իրինա Գորբանի խոսքով՝ այս առարկաները պահպանված են մնացել խորհրդային ողջ շրջանում, որովհետեւ թաքցվել են 1945թ.. «Դրանք պահվել են եկեղեցական խորշ-սեյֆում եւ այստեղ մնացել ողջ խորհրդային շրջանում»,- ասել է մասնագետը։

Մայրաքաղաք Կիեւում Հայ Առաքելական եկեղեցու կանոնիկ գործունեության վերականգնման 30-ամյակը նշվել է միջազգային համաժողովով եւ «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսով, տեղի է ունեցել նաեւ Իրինա Գայուկի «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայկական համայնքի գործունեության հիմնական ուղղություններից են։ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցին, հայկական ավանդույթների համաձայն, ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց Պոդոլսկի Տիրամոր հայկական սրբապատկերի տոնի հռչակման 230-ամյակը։

Leave a Response