FreeStyle

Ռուսաստանի այս բոլոր վայրագությունները անզորության նշան են

Lragir.am-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը

Պարոն Հակոբյան, դուք հրապարակել էիք ապացույցներ, որ ռուսական բանակն Ուկրաինայում հրետակոծում է խաղաղ բնակավայրերը։ Ի՞նչ իրավիճակ է։

Ռուսական բանակը, ամեն օր առնչվելով Ուկրաինայի կողմից նորագույն զինատեսակների ճշգրիտ կիրառմանը, մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Օրեցօր կորցնում է իր հարձակողական պոտենցիալը։ Նրանք իրենց վրեժը փորձում են հանել՝ գնդակոծելով, հրետակոծելով խաղաղ բնակավայրերը, ինչը հանցագործություն է մարդկության դեմ։ Օրերս լուսանկարներ էին հրապարակվել, Կիևի մերձակայքում գտնվող գյուղում հրթիռակոծվել էր վանքը, որի բակում կար նաև հայկական հուշահամալիր ու հուշատախտակ։ Խոսքը Կիևի մերձակայքում գտնվող Մոշչուն գյուղի ուղղափառ եկեղեցու մասին է։ Ռուսաստանի այս բոլոր վայրագությունները նրանց անզորության նշանն են, և օրեցօր նրանք ավելի ծայրահեղ միջոցների են դիմում։ Իրենց նպատակին չհասնելով՝ նրանք փորձում են վրեժ լուծել խաղաղ բնակչությունից։

Զապորոժիե ԱԷԿ-ի շուրջ ի՞նչ իրավիճակ է։

Ատոմակայանի հարցը Պուտինի միջուկային շանտաժի բաղկացուցիչ մասն է։ Իրենք փորձում են սպեկուլյացիաներ անել այդ թեմայով՝ փորձելով դրանով իրավիճակը բերել բանակցությունների, որովհետև մարտի դաշտում հաջողություններ չունեն և հստակ հասկանում են, որ մեծ խնդիրներ են ունենալու, էլ ավելի մեծ տարածքներից պետք է վռնդվեն։ Հետևաբար, փորձում են տարբեր տեսակի շանտաժներ անել․ սկզբում սովի շանտաժն էր, հետո էներգետիկ, հիմա Պուտինի միջուկային շանտաժն է։ Բայց վստահ եմ, որ Պուտինի շանտաժը չի անցնելու, արդարությունը հաստատվելու է, և օկուպանտները դուրս են շպրտվելու ուկրաինական հողից։

Ռուսաստանը փորձում է ռմբակոծել ամբողջ Ուկրաինայի տարածքը, ամբողջությամբ ազատագրված են Ժիտոմիրի, Կիևի, Չեռնիգովի, Սումիի և Օդեսայի մարզերը։ Մարտերը շարունակվում են Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Չապոռոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներում։ Օրըստօրե ռուսական զորքի թափը կոտրվում է, և նախաձեռնողականությունն ավելի շատ ուկրաինական զորքի կողմն է։ Եվ հույս կա, որ օր առաջ կազատագրենք ամբողջ Ուկրաինայի տարածքը։

Ուկրաինայի հայ համայնքը այցեր է կազմակերպում մարզեր, ի՞նչ աշխատանք է իրականացվում։

Այո, ինչպես գիտեք՝ արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են Ուկրաինայի հայերի նախաձեռնած այցելությունները տարբեր մարզեր, որին միացել են Հայաստանի դեսպանը, դեսպանատան աշխատակիցները և Ուկրաինայում հայ առաքելական եկեղեցու թեմի ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այցելություններն ունեն շատ կարևոր նշանակություն, տեղում ծանոթանում են իրավիճակին։ Ուկրաինայի հայերի միության կողմից մեծ քանակությամբ օգնություն է հատկացվել բոլոր մարզերին, կարիքավորներին։ Ուկրաինահայերի միությունը կապի մեջ է բոլոր համայնքային կառույցների հետ, մեծ օգնություն է ցուցաբերվել նաև ուկրաինացի փախստականներին, ովքեր դուրս էին եկել Ուկրաինայի տարածքից։ Եվրոպական հայ համայնքները նույնպես միացել են օգնությանը։